ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 

Պատմությունն արագություն է հավաքում, մնում է գլխապտույտ չունենալ

Պատմությունն արագություն է հավաքում, մնում է գլխապտույտ չունենալ
28.04.2009 | 00:00

ՅՈԹ ՕՐԵՐ, ՈՐ ԱՇԽԱՐՀԻՆ ՀԻՇԵՑՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ
Աստծո անցած յոթ օրում բոլորս ականատես եղանք` ինչպես է պատմությունն արագություն հավաքում:
Պատմությունը` անցյալի ու պատմությունը` ներկա:
...Իտալիայի քաղաքներից մեկում առավոտյան ուսուցիչները գնացին լիցեյ և տեսան, որ երեք մասնաշենքերից անհետացել են նստարաններն ու սեղանները: Մի քանի ժամից պարզվեց, որ սեղաններն ու նստարանները շատ գեղեցիկ շարված են լիցեյի երեք մասնաշենքերի հարթ տանիքներին: Այնքան գեղեցիկ, որ ուղղակի ֆիլմ նկարիր, իսկ դասասենյակներից տանիքներ դպրոցական գույքը տեղափոխել են... սաները` դաս չանելու համար: Գեղեցիկի զգացումի ու հնարամտության համար ուսուցիչները նրանց պատժեցին դասերը շաբաթ օրը տեղափոխելով: Մանրուք է, բայց կհիշվի:
...Թմրամոլներն էլ տոն ունեն, իհարկե, ոչ պաշտոնական` ապրիլի 20-ը: Ապրիլի 20-ին նրանք հավաքվում են ու նշում իրենց համերաշխությունը` համարյա մասնագիտական տոնը, նշում են անկեղծ ու միանշանակ խոսում են նաև իրենց անելիքներից: ՈՒ ստացվում է, որ գիտակցաբար դեպի մահ գնացող մարդիկ էլ տոնի կարիք ունեն, իսկ գուցե նրանց թմրամոլ դարձնողը հենց մենակությունն է:
...ՈՒ մինչ վարչապետը ճգնաժամից փորձում է փրկել տնտեսությունը, նախագահն էլ քաղաքական գլուխկոտրուկներն է լուծում, հիացրեց Ազգային ժողովի նախագահը. վերցրեց ու գնաց Լեհաստան, չորս օրում հանդիպեց խորհրդարանի նախագահին ու վարչապետին, մեկին համոզեց, որ միջխորհրդարանական համագործակցությունը կարևոր է, մյուսին համոզեց, որ միջկառավարական հանձնաժողով ստեղծվի (վարչապետի աչքը լույս), պաշտոնական տեղեկատվության համաձայն` «ծանոթացավ Կրակովի հարուստ պատմամշակութային ժառանգությանը`այցելելով Վավելի թագավորական արքունիքի պալատներն ու մայր տաճարը» (հարյուրամյակներով պետականություն չունեցած հայերս ուղղակի չենք պատկերացնում, որ արքունիքը ոչ թագավորական լինել չի կարող, որովհետև թագավորը հենց արքան է, և արքունիքն էլ` արքայի պալատը): Հաստատ` վերադարձից հետո ԱԺ նախագահի հրամանով ճգնաժամի ծանր պայմաններում իբրև խնայողություն` կանջատվի ԱԺ շենքի ևս մեկ վերելակ` նպաստելով Աժ դերի հետագա ու անշեղ բարձրացմանը... Եվ դա կլինի այցի ամենաուղղակի արդյունքը:
...Տասնհինգերորդ անգամ Սերժ Սարգսյանը հանդիպեց Դմիտրի Մեդվեդևին, այս անգամ Զավիդովոյում: Հանդիպումը նշանավորվեց փոխադարձ սիրալիրությունների փոխանակմամբ, պաշտոնական ձկնորսությամբ, որը ռուսական ազգային առանձնահատկություններից է: Առաջինը հյուրասեր և բարձրաշխարհիկ դաստիարակություն ստացած ձուկը կուլ տվեց հյուրի կարթը: Էլ ինչ եղավ, պաշտոնական լրատվությունը, բնականաբար, չի ասում, իսկ ինչ ասում է, ասել էր արդեն... մի 14 անգամ: Թերևս ամենակարևորը, որ հանդիպումն ապրիլի 23-ին էր, երբ լրատվական գործակալությունները իրազեկել ու իրազեկում էին աշխարհին հայ-թուրքական նորությունները:
...Ցեղասպանության 94-րդ տարելիցն էր ապրիլի 24-ին: 1915 թ. ապրիլի 23-ի գիշերը Պոլսում ձերբակալվեցին 800 հայ մտավորականներ... Ժամանակը չէ՞ մտածելու, թե ինչո՞ւ ենք մենք ցեղասպանությունը բերում-հանգուցում 1915-ին: 1909 թ. Ադանայի հայերի սպանությունը ի՞նչ էր, եթե ոչ ցեղասպանության սկիզբ: Եվ ո՞վ է ասում, որ 1915-ին միայն հնարավոր էր այդքան մարդ սպանել: Իսկ հետո պատմական Հայաստանի ամբողջ տարածքում, Վանում, Կարսում, վերջապես Սարդարապատում ի՞նչ էր կատարվում: Եվ բնավ էլ Առաջին համաշխարհային պատերազմը չէր պատճառը. պատերազմը 1914-ին է սկսվել, Ադանայի 30000 հայերը մինչև այդ են սպանվել: Առաջին աշխարհամարտը 1918-ին է ավարտվել, իսկ 1920 թ. թուրքերը հարձակվեցին արդեն Արևելյան Հայաստանի վրա, և իշխանության գլուխ էր Մուստաֆա Քեմալը: ՈՒ եթե մեկ օրվա` ապրիլի 24-ի ընտրությունը խորհրդանշական է ու հասկանալի, անհասկանալի է մեկ տարվա` 1915-ի շեշտադրումը, երբ շատ ավելի վաղ է սկսվել և շատ ավելի ուշ է ավարտվել Մեծ եղեռնի տարեգրությունը:
...ԱՄՆ-ի հերթական նախագահ Բարաք Օբաման ևս չարտաբերեց «ցեղասպանություն» բառը: Նա ընդամենը «կանգնեց մեր կողքին» ու իրավաբանական անհասկանալի «գենոցիդ» վտանգավոր տերմինը փոխարինեց միայն հայերիս հասկանալի ու հայերեն «Մեծ եղեռն» բառերով, որ ունի բարոյական, բայց ոչ իրավաբանական նշանակություն: Նորեկ Օբաման էլ արդեն հասկացել է, որ հայերս բարոյականը շատ ենք սիրում: Ով հիացավ, ով հիասթափվեց, չասաց` չասեց: Չէր էլ ասելու, ասեր էլ` ոչինչ չէր փոխվելու. ԱՄՆ-ն ու իր նախագահը նախօրեին էին արդեն հիմնականն ասել... Եթե հանկարծ ասեր, մոլեռանդ ու «կասի՞-չի՞ ասի»-ի վրա կյանք կառուցած-սևեռված հայերս կյանքի խնդիր էինք դարձնելու այդ բառը ԱՄՆ-ի` Լինքոլնից սկսած բոլոր նախագահներից լսելը: Փառք Աստծո, մեկը կա. Ռեյգանը հրեաների հոլոքոստի առնչությամբ արդեն «հայերի ցեղասպանություն» բառերն ասել է: Այնուամենայնիվ, ի տարբերություն հենց Ռեյգանի ու բոլոր մյուս նախագահների, ընդամենը մի քանի ամիս պաշտոնավարող Բարաք Օբաման արեց ավելին, քան նրանք: Բնականաբար` նվիրական բառը նրանից չլսած հայերը հիասթափված էին, բայց հուզական հարթությունից դուրս նրա ելույթը քննարկելու պարագայում ակնհայտ է, որ, իրոք, Օբաման չի հրաժարվել իր տեսակետներից, նա նախքան ընտրությունն էլ կարծում էր, ընտրությունից հետո էլ հաստատել է, որ «94 տարի առաջ իրագործվեց 20-րդ դարի ամենամեծ ոճրագործություններից մեկը: Ամեն տարի մենք մի պահ կանգ ենք առնում` հիշելու 1,5 միլիոն հայերին, ովքեր սպանդի են ենթարկվել կամ իրենց մահն են գտել Օսմանյան կայսրության վերջին օրերին: Մեծ եղեռնը պետք է ապրի մեր հիշողության մեջ, ինչպես հայ ժողովրդի սրտերում»: Ի վերջո, ուղերձի առավել կարևոր հատվածը ԱՄՆ-ի նախագահի հանձնառությունն է. «Ես լիովին աջակցում եմ Հայաստանի և Թուրքիայի ջանքերին` ուղղված երկկողմ հարաբերությունների կարգավորմանը: Շվեյցարիայի միջնորդությամբ երկու երկրների կառավարությունները բանակցությունների ձևաչափի և ճանապարհային քարտեզի շուրջ համաձայնության եկան: Ես ողջունում եմ այս առաջընթացը և կոչ եմ անում նրանց իրականություն դարձնել փաստաթղթում ամրագրված խոստումը»: Եվ եթե դեռ անհասկանալի է, թե ՀՀ արտգործնախարարությունը ինչո՞ւ ապրիլի 23-ին ժամը 1.30-ին տարածեց հաղորդագրությունը, թող հաշվեն, թե Երևանի ժամանակով 1.30-ը Վաշինգտոնի ժամանակով քանի՞սն էր: Իսկ ապրիլի 23-ի հրապարակման փաստի դեմ ընդվզողները պիտի հաշվի առնեն, որ օրը հաշվարկված էր ճշգրիտ` էֆեկտի տեսակետից. արդեն հաջորդ օրը լրատվական գործակալությունները համատարած նախ` խոսում էին ցեղասպանության մասին, նոր` հայ-թուրքական հարաբերությունների ու դրանց հնարավոր փոփոխությունների:
Իսկ փոփոխությունները կարող են իրապես հնարավոր լինել։ Ըստ Հայաստանի, Թուրքիայի արտգործնախարարությունների, Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի հայտարարության` Հայաստանը և Թուրքիան, Շվեյցարիայի միջնորդությամբ, ինտենսիվ աշխատանք են տարել` նպատակ ունենալով կարգավորել իրենց երկկողմ հարաբերությունները և զարգացնել դրանք փոխադարձ հարգանքի ու բարիդրացիության ոգով` այսպիսով խթանելով խաղաղությունը, կայունությունը և անվտանգությունը ողջ տարածաշրջանում: Նույնիսկ եթե հայտարարությունն այսքանով ավարտվեր, ասված էր հիմնականը, բայց կողմերը հարկ են համարել նաև ազդարարել, որ երկու կողմերը ձեռք են բերել շոշափելի առաջընթաց և փոխըմբռնում, ավելին` համաձայնության են հանգել իրենց երկկողմ հարաբերությունների կարգավորման համապարփակ շրջանակի շուրջ երկու կողմերին գոհացնող կերպով: Դա էլ դեռ քիչ էր` «այս համատեքստում սահմանվել է ճանապարհային քարտեզ»: Ահա այս հայտարարությամբ ապրիլի 24-ին Հայաստանը հիշեցրեց ամբողջ աշխարհին իր գոյությունը: Եվ միանգամից ուշադրությունը բևեռվեց ճանապարհային քարտեզի վրա, որի «համապարփակ շրջանակը» չէր բացահայտվում: Հայկական լրատվամիջոցները ճանապարհային քարտեզը ենթադրությունների մակարդակում էին քննարկում, թուրքական լրատվամիջոցները տարբերակներ էին առաջադրում, որոնց քննարկումը բացահայտորեն չի տեղավորվում «երկու կողմերին գոհացնող կերպով» ձևակերպման մեջ: Պատահական չէ, որ անմիջապես հետևեց Հայ ազգային կոնգրեսի հայտարարությունը. «Քանի որ խոսքը վերջնական համաձայնեցված շրջանակների մասին է, Հայ ազգային կոնգրեսը պահանջում է Հայաստանի գործող իշխանություններից` անհապաղ հրապարակել ոչ միայն Հայաստանի, այլև ողջ հայության շահերին առնչվող փաստաթուղթը», որից հետո կտրվի քաղաքական գնահատականը:
Պատահական չէ նաև, որ միանգամից ընդդիմադիր դիրքորոշում որդեգրեց ՀՅԴ-ն: Դեռ ապրիլի 22-ին ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը հայտարարել էր, որ հայ-թուրքական բանակցություններում առանց նախապայմանների հարաբերություններ հաստատելու սկզբունքից հրաժարվելով` Հայաստանը պարտվել է: Ելույթ ունենալով դաշնակցության կազմակերպած «Հայ-թուրքական հարաբերությունների առկա վիճակը և զարգացման հեռանկարները» քննարկման ժամանակ` Հրանտ Մարգարյանը նաև նշեց, որ առանց նախապայմանների բանակցությունների սկզբունքից հրաժարվելու հետևանքով Թուրքիան քննության նյութ է դարձնում ցեղասպանության հարցը, և մեկ տարի առաջ ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ տեսակետ հայտնելու բարոյական իրավունքը չունենալով` արդեն ներկայանում է որպես շահագրգիռ կողմ։ «Այս պահին հայկական կողմը պետք է ընդունի, որ պարտված է», եզրակացրել էր Մարգարյանը: Ապրիլի 23-ին կուսակցությունը ներկայացրել էր իր դիրքորոշումը` նշելով, որ հայ-թուրք-շվեյցարական համատեղ հայտարարությունը ենթադրում է բացասական առումով Հայաստանի արտաքին քաղաքական ուղեգծի փոփոխություն, ինչը կուսակցության համար հիմք է հանդիսացել քննարկելու կոալիցիային մասնակցելու նպատակահարմարության հարցը: Հետո կուսակցության անդամները չէին հաստատում, բայց և չէին հերքում տեղեկատվությունը, որ ՀՅԴ-ն կարող է դուրս գալ կոալիցիայից: Համենայն դեպս, Արմեն Ռուստամյանը չմասնակցեց ապրիլի 25-ին հրավիրված Ազգային անվտանգության խորհրդի նիստին:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույցներ տալով արտասահմանյան լրատվամիջոցներին, քանիցս ընդգծեց, որ Հայաստանը կողմ է Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերություններ հաստատելուն. «Մինչև Գյուլի այցը Հայաստան թուրքերը երկու նախապայման էին առաջ քաշում. առաջին նախապայմանը կապված էր ցեղասպանության հետ, իսկ երկրորդը` Լեռնային Ղարաբաղի խնդրի հետ: Եվ բանակցությունների ընթացքում մենք` և՛ հայերս, և՛ թուրքերը, ղեկավարվում էինք այդ սկզբունքով` առանց նախապայմանների հարաբերությունների հաստատում, այնուհետև ցանկացած հարցի քննարկում, որ կարող է հետաքրքրել կողմերին»: Նա հստակ ասաց նաև, որ ֆուտբոլի պատասխան խաղին Թուրքիա կգնա, եթե սահմանները բաց լինեն կամ խաղը բացվելու նախօրեին լինի: «RUSSIA TODAY»-ի հարցազրույցում Սերժ Սարգսյանը բառացիորեն նշել էր. «Մինչև վերջերս բոլորն էլ համոզված էին, որ մենք բավականին առաջ ենք գնացել բանակցություններում, և ակնկալվում է իրավիճակի այնպիսի փոփոխություն, որը կարող է պատմական համարվել: Բայց վերջերս Թուրքիայի վարչապետի հայտարարությունը, թե հայ-թուրքական հարաբերությունները կարող են կարգավորվել, եթե Հայաստանի Հանրապետությունը գնա զիջումների Լեռնային Ղարաբաղի խնդրում, մենք գնահատեցինք որպես ձեռք բերված պայմանավորվածություններից հետընթաց և նախապայմանի առաջադրում»: Ազգային անվտանգության խորհրդի նիստում էլ նա հավաստեց, որ հարաբերությունների հաստատման հիմքում նախապայմաններ չկան ու չեն լինելու:
Երկուշաբթի օրն արդեն պարզ էր` ՀՅԴ-ն գնաց Վազգեն Մանուկյանի գծած ճանապարհով` ճիշտ պահին թռչելով գնացքից: Պատճառը գտնված է` շքեղ հայրենասիրական, ճշգրիտ գաղափարական, ուստի միանգամայն շահեկան: Շահեկան բոլոր կողմերի համար: ՀՅԴ-ն փորձում է կարգի բերել իշխանության մեջ եղած տարիներին իր հիմնովին ավերակված իմիջը` միանգամից թոթափելով պատասխանատվությունը մարտի 1-ի համար, ընթացող դատավարությունների, տնտեսական վիճակի... Ներքին ու արտաքին քաղաքականության այն բոլոր ձախողումների, որոնց պատասխանատուն են ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՕԵԿ-ը, բայց ոչ ՀՅԴ-ն, որ ճիշտ ժամանակին ազգային-հայրենասիրական հողի վրա հեռացավ: Իսկ պաշտոննե՞րն ու իշխանական կերակատա՞շտը: Միշտ էլ կարելի է ուրախ հրաժեշտ տալ փոքրին` հանուն մեծը չկորցնելու:
Ապրիլի 27-ին Արմեն Ռուստամյանն ասուլիսում հայտարարեց կոալիցիայից դուրս գալու մասին, Արագածոտնի մարզպետի, նախարարների հրաժարականներից հետո օրվա վերջին արդեն իրենց հրաժարականների դիմումները ներկայացրել էին Աժ փոխնախագահ Հրայր Կարապետյանը և Աժ մշտական հանձնաժողովների նախագահները: Որքան էլ դառն է գիտակցել, բայց ակնհայտ է, որ այս քայլը ՀՅԴ-ն արեց ուշացած` դեռ մարտի 1-ից հետո ՀՅԴ-ն կարող էր իր դիրքորոշումը ներկայացնել նման քայլով, բայց շարունակեց մնալ իշխանություն։ Պատճառաբանությունները շատ են ու հասկանալի նաև, բայց ստացվում է տխուր պատկեր` երկրի ներկայի ու ապագայի համար կենսական հարցը երկրորդվեց, և առաջնությունը տրվեց երկրի անցյալի վերաիմաստավորմանն ու ապագային առնչվող հարցին` ակնհայտորեն նաև սփյուռքի ճնշմամբ: Որ սփյուռքը Հայաստանի անքակտելի մասն է, ապացուցման կարիք չունի: Բայց ապացուցման ենթակա չէ նաև այն, որ Հայաստանը պիտի լինի այն կենտրոնը, որտեղ ընդունվում են բոլորիս ու յուրաքանչյուրիս վերաբերող որոշումները:
Որքան էլ պարադոքսալ է, ՀՅԴ-ի` կոալիցիայից դուրս գալը շահեկան է նաև իշխանության ու նախագահի համար. գտնված առիթ է` օրինակով ցույց տալու, թե ինչ մեծ դիմադրություն է երկրում, ինչ քաղաքական խոչընդոտներ են հաղթահարվում հանուն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման: Կոալիցիան է քանդվում` քիչ էր մնում կառավարական ճգնաժամ սկսվեր:
Իրականում նույնիսկ եթե կոալիցիայի չորս կուսակցություններն էլ որոշեն ու մի օրում միաժամանակ դուրս գան կոալիցիայից, ոչինչ չի փոխվի երկրում, ոչ մի ճգնաժամ չի սկսվի, որովհետև նրանք միայնակ ոչինչ չեն որոշում ո՛չ երկրի, ո՛չ նույնիսկ իրենք իրենց կուսակցական կյանքում: Դա ևս մեկ անգամ ակնհայտ դարձրեց ԱԺ նախագահը` ապրիլի 27-ին հերթական քառօրյայի օրակարգի հաստատման ժամանակ, երբ ձևական հիմնավորումով մերժեց հայ-թուրքական հարաբերությունների քննարկում կազմակերպելու «Ժառանգություն» խմբակցության առաջարկը: Իրոք էլ, Աժ-ն ոչ մի գործընթացից դուրս չի մնում, բոլոր ճանապարհները Աժ են տանում, հայ-թուրքական հարաբերություններ քննարկելն ո՞ւմ է պետք` պատգամավոր են, ինչ ասես` կասեն ու կխանգարեն գործընթացին: Ի վերջո, ինչը քննարկես, երբ պաշտոնապես ոչինչ էլ չգիտես: Կասեն` որոշումը այս է, քննարկեք, կքննարկեն, կընդունեն: Չեն ասի, հարցը փակված է: Իսկ որ խորհրդարանը հասարակական կարծիքի քննարկման ու ձևավորման հարթակ է, ո՞վ չգիտի, ո՞վ է կասկածում...
ՀՅԴ-ի հեռանալը կոալիցիայից քաղաքական նոր խաղ է սկսում` վերջապես իշխանությունը համարում է այն շատ ցանկալի, հարմար ու ձեռնտու ընդդիմությանը, որի բացակայությունը ուղղակի գեղեցիկ չէր և հասկանալի չէր մեծ աշխարհի առաջ: Մեծ էին իշխանության կորուստները. հենց այնպես ընտրությունների պատճառով փուռը տվեցին «մասսաների առաջնորդ» Արտաշես Գեղամյանին, «վարի» տվեցին «մասսաների գաղափարախոս» Վազգեն Մանուկյանին, դեռ մինչև այդ էլ իրենց լրիվ սպառել էին տարատեսակ Պարույր Հայրիկյանները, Խոսրով Հարությունյանները, Արամ Հարությունյանները, Տիգրան Կարապետյանները և այլք, որ մի երկար շարք են: Արթուր Բաղդասարյանն էլ իշխանություն դարձավ: «Ժառանգությունն» էլ չի արդարացնում միակ խորհրդարանական ընդդիմության դերը` կամ ինքն իրեն է լուրջ ընդունում, կամ իշխանությանն է լուրջ ընդունում: Միակ հույսն ու հավատը Հայ ազգային կոնգրեսն էր, որ պիտի ստանձներ ամեն ինչում իշխանությանը խանգարողի, բարեփոխումները ձախողողի, ԼՂՀ հարցի լուծմանը, հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանը խանգարողի դերը։ Նա էլ չստանձնեց, ասաց` ձեր եփած շիլան դուք կերեք, ես կսպասեմ:
Ահա այսպես պատմությունն արագություն է հավաքում, մնում է գլխապտույտ չունենալ:
Վաչիկ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Դիտվել է՝ 2728

Մեկնաբանություններ